14:27 | 22.06.12 | Նորություններ | 2070

Օդնոկլասնիկին Հայաստանում տեղայնացումը սկսում է բջջայինից

Երեւան/Մեդիամաքս/. “Օդնոկլասնիկի” սոցիալական ցանցը հայերեն լեզվով տեղայնացումը սկսել է բջջային տարբերակից:

Այս մասին այսօր Երեւանում տեղի ունեցած ասուլիսում ասել է Mail.ruGroup-ի “Սոցիալական կայքեր” բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:

Նա նշել է, որ Հայաստանում բջջային տարբերակից օգտվում է ցանցում գրանցվածների 30%-ը, եւ տեղեկացրել, որ Օդնոկլասնիկիի հայերեն առցանց տարբերակը կլինի մեկ ամսվա ընթացքում: “Տեղայնացումը չի սահմանափակվելու միայն լեզվով: Մենք նպատակ ունենք տեղայնացնել նաեւ այլ հավելվածներ` ներկայացնելով, թե որ խաղերն են ամենատարածվածը հայերի շրջանում, կամ ինչ երաժշտություն են նախընտրում: Հաշվի ենք առնելու նաեւ ազգային տոները, քանի որ հենց այգ օրերին են մեր օգտատերերը ցանկանում իրար նվերներ ուղարկել”,- ասել է Ալեքսանդր Իզրյադնովը:

Սոցիալական ցանցերի վերաբերյալ GFK ընկերության ներկայացրած վիճակագրության համաձայն, Հայաստանում ամենաշատ օգտատերեր ունի Օդնոկլասնիկին (787 հազ. օրական այցելություն), որին հետեւում են Ֆեյսբուքը (150 հազ.) եւ մնացած ցանցերը: 

Ալեքսանդր Իզրյադնովն ասել է, որ Օդնոկլասնիկին օգտատերերին գրավում է ջերմ շփումների եւ ընտանեկան արժեքների վրա հիմնված լինելու շնորհիվ, նաեւ խաղային հավելվածների շնորհիվ: “Հայաստանյան Օդնոկլասնիկի-ում մեկ ամսվա ընթացքում մոտ 860 հազ. օգտատերեր խաղում են առցանց խաղեր”,- նշել է նա:

Նրա խոսքերով, Ֆեյսբուք-ից հիմնականում օգտվում են տեղեկատվություն ստանալու եւ մասնագիտական շփումներ ունենալու համար: “Օդնոկլասիկին հնարավորինս զերծ է քաղաքական բնույթի ինֆորմացիայից, նույնիսկ Ռուսաստանում հետընտրական իրադարձությունների ժամանակ ցանցում չի գտնվել մարդկանց պայքարի կոչող եւ ոչ մի խումբ”,-ասել է նա: