14:36 | 21.05.12 | Նորություններ | 957

Ինովացիոն նախարարության ստեղծման գաղափարը տարածում է ստանում ՏՏ-ոլորտում

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) մայիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որում առաջարկում էր ստեղծել տեխնոլոգիական եւ ինովացիոն զարգացման նախարարություն, որը կարագացներ ոլորտում ծառացած խնդիրների լուծումը: Առաջարկը ուղարկվել է ՀՀ նախագահին եւ նորընտիր Ազգային ժողովին:

Նախաձեռնությունն այսօր ողջունել է Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը: Միության նախագահ Գուրգեն Պարոնյանի գնահատմամբ, ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը Հայաստանում տեխնոլոգիական եւ ինովացիոն աննախադեպ նվաճումներ կապահովի: 

ԻՏՋՄ նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀ-ում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման եւ զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման եւ տեղեկատվական հասարակության ձեւավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար: