13:59 | 27.04.12 | Նորություններ | 2006

ԱրմենՏել-ը բացել է Կապի թանգարանը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում`Ազատության պողոտա 24/1 հասցեում, ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) բացել է Հայաստանում կապի առաջին թանգարանը:

Թանգարանի բացմանը ներկա էին ՎիմեպելԿոմ ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին, ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը:

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ ԱրմենՏել ընկերության զարգացման պատմության մասին նյութեր, ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ:

«Այս թանգարանը հիմնադրվել է պատմական ժառանգությունը պահպանելու եւ հեռահաղորդակցության զարգացման պատմությանը ծանոթանալու նպատակով: Մեր ընկերությունն իր պարտքն է համարում պահպանել եւ հաջորդ սերունդներին փոխանցել մեր երկրի, մեր ընկերության եւ մեր հերոս կապավորների մասին պատմությունը», - ասել է Իգոր Կլիմկոն:

Դմիտրի Կրոմսկին էլ նշել է, որ «այս պատմության էջերը մենք կհամալրենք նոր հաջողություններով ու ձեռքբերումներով»:

Կապի թանգարանը բաց է բոլոր ցանկացողների համար: Մոտ ապագայում ԱրմենՏել-ը ծրագրում է թանգարանին կից բացել նաեւ թեմատիկ գրադարան,  անվճար այցելություններ կազմակերպել դպրոցականների եւ ուսանողների համար: