ՀԱՅ  |  РУС  |  ENG
Նորություններ
Բեւեռ. «ՏՏ-ն բանկերի մրցակցային առավելության առանցքային գործոնն է»

Բեւեռ ընկերության տնօրեն Բորիս Աղաջանյանը
Photo: Անձնական արխիվից
Բեւեռ ընկերության տնօրեն Բորիս Աղաջանյանը
//23.04.2012

Բեւեռ ընկերության տնօրեն Բորիս Աղաջանյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ֆինանսական շուկայի համար նախատեսված ծրագրային լուծումները դարձել են ձեր ընկերության առանցքային ուղղություններից: Դուք առաջնորդվում եք աճող պահանջարկո՞վ, թե՞ լավատեսությամբ, որ վաղ թե ուշ Ձեր լուծումներն ի վերջո պահանջված կդառնան ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից:

- Ֆինանսական շուկայի ընկերությունների կողմից միշտ էլ պահանջարկ են ունեցել այնպիսի լուծումներ, ինչպիսիք են՝ արտադրողականության կառավարումը, բիզնես վերլուծությունը, հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարումը, էլեկտրոնային վճարային համակարգերը: Ֆինանսական ոլորտում, ինչպես ոչ մի այլ բնագավառում, հատկապես զգացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) եւ բիզնես խնդիրների փոխկախվածությունը: Բանկերի կողմից առաջարկվող ծառայությունների որակի աստիճանն անմիջապես կախված է իրենց կողմից օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաների «հասունության» մակարդակից:

Այսօր ՏՏ-ն հանդիսանում է առանցքային գործոն բանկերի համար՝ մրցակցային առավելության հասնելու գործում, ընդ որում ոչ միայն ֆինանսական ոլորտում: Կապի օպերատորները, էլեկտրոնային առեւտրով զբաղվող մանրածախ առեւտրային ընկերությունները, սոցիալական ցանցեր մշակող ընկերությունները եւ այլ բիզնես կառույցները ստեղծում են սեփական վճարային համակարգեր եւ սկսում են առաջարկել ֆինանսական ծառայություններ՝ ներխուժելով «բանկային» ոլորտ: Այս ամենը ստիպում է բանկերին օգտագործել նորարար տեխնոլոգիաներ՝ առաջարկվող պրոդուկտների եւ ծառայությունների պորտֆելի դիվերսիֆիկացման, ինչպես նաեւ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման ասպարեզներում:

Միաժամանակ, ֆինանսական կազմակերպությունների անընդհատ աճող պահանջները տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ սահմանում են այդ իսկ տեխնոլոգիաների որոնման եւ զարգացման ուղիները: Հենց այս փոխկապակցվածությունն է հանդիսանում այսօր ամենաորոշիչը: Այլ խնդիր է, որ ֆինանսական ոլորտում լուծումները հաջողությամբ առաջ մղելու եւ ներդնելու համար անհրաժեշտ է պատվիրատուի որոշակի իրազեկումը եւ մոտիվացիան:

Ուստի, որպես ՏՏ լուծումներ առաջարկող ընկերություն, մեր հիմնական խնդիրն է՝ տրամադրել խորհրդատվություն, կազմակերպել սեմինարներ, շնորհանդեսներ եւ ցուցադրություններ: Ընդ որում, ոչ մի առաջարկվող լուծում չպետք է ներկայացվի պատվիրատուներին առանց դրա ներդրման տնտեսական արդյունավետության անհրաժեշտ հիմնավորման, մասնավորապես, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են՝ սեփականության ընդհանուր արժեքը (Total cost of ownership, TCO), ներդրումներից ստացված շահույթը (Return On Investment, ROI) եւ այլն: Պատվիրատուն պետք է հստակ (թվերով) իմանա, թե այս կամ այն տեխնոլոգիական ներդնումն ինչպիսի խնդիրներ թույլ կտա լուծել:

Վերադառնալով Ձեր հարցին՝ կրկնեմ եւ ավելացնեմ. տեղեկատվական տեխնոլոգիաները միշտ եղել են եւ մնում են պահանջված ֆինանսական ոլորտում, սակայն դրանց զարգացման ռազմավարությունը կազմակերպություններում պետք է մշտապես համապատասխանի ժամանակի պահանջներին՝ նորարար տեխնոլոգիաների, հարթակների եւ պրոդուկտների ընտրության ու օգտագործման հարցում հիմնավորված որոշում կայացնելու համար:

- Ի՞նչ ծրագրային լուծումներ եք առաջարկում այսօր ֆինանսավարկային ընկերություններին:

- Այսօր մենք մշակում եւ տրամադրում ենք բիզնես-կառույցներին, այդ թվում նաեւ ֆինանսական ոլորտին, լուծումներ հետեւյալ ուղղություններով.

- ենթակառուցվածքային լուծումներ, որոնք թույլ են տալիս ստեղծել սպասարկման վրա կենտրոնացված կառուցվածք (service-oriented architecture, SOA), որն իր մեջ ներառում է վեբ ծառայություններ, միջոցներ եւ գործիքներ, որոնք մաքսիմալ բավարարում են բիզնես-օգտագործողների պահանջները;

- միասնական հաղորդակցության համակարգեր (Unified Communication Systems, UCS), որոնք թույլ են տալիս կառուցել ընկերության աշխատակիցների եւ գործընկերների փոխգործակցության միասնական համակարգ (հաղորդակցությունների արագ փոխանակում, աուդիո- եւ տեսակոնֆերանս-կապ, էլ-փոստ եւ այլն);

- հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման համակարգ (Customer Relationship Management, CRM);

- ձեռնարկության տեղեկատվության կառավարման համակարգ (Enterprise Content Management, ECM), որոնք ներառում են ձեռնարկության փաստաթղթերի եւ բիզնես գործընթացների կառավարման ներքին համակարգի (պորտալի) ստեղծումը:

Եվ, թերեւս, ամենակարեւոր ուղղություններից մեկը՝ բիզնես վերլուծության համակարգեր (Business Intelligence, BI), ֆինանսական եւ գործառնական հաշվետվության համակարգեր, կանխատեսող վիճակագրություն: Բիզնես վերլուծական լուծումներն ուղղված են բարձրացնելու գործառնությունների արդյունավետությունը, վաճառքներից եւ մարքեթինգից ստացվող եկամտաբերությունը, ինչպես նաեւ նախատեսված են գործառնական եւ վարկային ռիսկերի կառավարման կազմակերպման համար: Կանխատեսման, պլանավորման եւ կառավարման որակի բարձրացումը ֆինանսական ոլորտում թույլ կտա տարբեր օղակների ղեկավարներին մաքսիմալ արագ, հստակ եւ հավասարակշռված որոշումներ ընդունել:

- Аrmenian Card (ArCa) ընկերության պրոցեսինգային կենտրոնի վերազինման գործում Բեւեռը եւս ունեցել է իր մասնակցությունը: Որքանո՞վ ձեր մասով կատարված աշխատանքը զերծ կպահի ArCa-ի հաճախորդներին հնարավոր խափանումներից:


- Վերջերս մեր ընկերության կողմից իրականացվել են ֆինանսաբանկային ոլորտի կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի եւ տվյալների մշակման կենտրոնների բարելավման եւ վերազինման մի քանի հետաքրքիր նախագծեր: Դրանց թվում են Պրոմեթեյ Բանկ-ը, Յունիբանկ-ը, Արեգակ ՈՒՎԿ-ն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն (ընթացքում է), ինչպես նաեւ Արմենիան Քարդ (ArCa) ընկերությունը:

Անհրաժեշտ է նշել ArCa-ի կողմից կատարված բավականին մեծ ծավալի ներդրումները՝ ուղղված ՏՏ ենթակառուցվածքի, մասնավորապես, պրոցեսինգային կենտրոնի վերազինմանը: Կարծում եմ, այս ներդրումները եւ ArCa-ի ՏՏ մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակը կապահովեն համակարգի արտադրողականության եւ հուսալիության անհրաժեշտ մակարդակը:

Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա Բեւեռ ընկերության մասնագետները մատակարարել եւ տեղադրել են բարձր արտադրողականությամբ սերվերային եւ ցանցային սարքավորումներ, որի հիման վրա էլ աշխատում է պրոցեսինգային կենտրոնի ծրագրային ապահովումը: Ներկայումս ArCa-ի տվյալների մշակման կենտրոնն իրենից ներկայացնում է համակարգ, որը պատրաստ է աշխատել աճող բեռնվածության պայմաններում (scalability) եւ ունի պատրաստության եւ պաշտպանվածության բարձր մակարդակ:

Անհրաժեշտության դեպքում Բեւեռ-ի աշխատակիցները տրամադրում են տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի օպտիմիզացմանը եւ հետագա վերազինմանն ուղղված խորհրդատվություն բոլոր մեր ռազմավարական պատվիրատուներին, այդ թվում՝ ArCa-ին:

- Բավարարվա՞ծ եք արդյոք հաճախորդային բազայի հագեցվածության այսօրվա մակարդակով, ի՞նչ ծավալի մարքեթինգային աշխատանք է պահանջվում Ձեր ծրագրային լուծումները ֆինանսական շուկայում առաջ մղելու համար:


- Բեւեռը հանդիսանում է նախ եւ առաջ հաճախորդամետ ընկերություն եւ մեր հաճախորդային բազան բավականին ընդարձակ է: Սակայն ներկայումս մեր առաջնային խնդիրն է՝ ընդարձակել բազան խորությամբ, այլ ոչ լայնությամբ: Սա նշանակում է, որ մենք կընդարձակենք մասնակցությունը ռազմավարական հաճախորդ-գործընկերների ՏՏ ենթակառուցվածքի օպտիմիզացման եւ վերազինման, նոր լուծումների, հարթակների ներդնման եւ արդյունավետության հետագա բարձրացման հարցերում:

Մարքեթինգային գաղափարները բավականին տարբեր են, բայց բոլորն էլ ուղղված են հաստատելու երկարատեւ հարաբերություններ մեր գործընկեր-հաճախորդների հետ եւ ներդնելու նորարար լուծումներ՝ կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Առիթից օգտվելով, կցանկանայի տեղեկացնել առաջիկա սեմինարի մասին, որը պլանավորված է իրականացնել մայիսին, IBM ընկերության հետ համատեղ: Այն նվիրված է լինելու բիզնես վերլուծությանը, կազմակերպությունների արտադրողականության բարձրացմանը եւ տեղեկատվական անվտանգությանը:

- Ենթադրում եմ, որ կորպորատիվ հաճախորդի կարգավիճակով հաճախ եք առնչվում առեւտրային բանկերի հետ. չե՞ք կարծում, որ նորագույն լուծումները կարող են կորցնել իրենց կարեւորությունը, եթե ոչ պատշաճ կերպով ղեկավարվեն մարդկանց կողմից, ինչը, արդյունքում, կանդրադառնա բանկերի հաճախորդների սպասարկման որակի վրա:

- Այո, մենք, ինչպես եւ այլ ընկերությունները, հանդիսանում ենք բանկի հաճախորդ: Իհարկե, հաճելի է, երբ կառուցվում են գործընկերային հարաբերություններ բանկ-հաճախորդ մակարդակի վրա, եւ հաճախորդին հաճելի է բանկի սպասարկումը (այսօր մենք հենց այդպիսի հարաբերություններ ենք կառուցել մեզ սպասարկող բանկի հետ): Դեռեւս դժգոհելու առիթ չունեմ եւ դժվարանում եմ որեւէ բան ասել այդ կապակցությամբ:

Նորարար լուծումների ներդնումը ստանդարտացնում է աշխատակիցների աշխատանքն ու գործողությունները, հնարավորինս նվազեցնելով ռիսկերը, կապված օպերատորի հնարավոր սխալների եւ անճշտությունների հետ: Համակարգը թույլ չի տալիս «ոչ գրագետ» գործողություններ եւ առավելագույնս կբացառի մարդկային գործոնը աշխատանքում: Ավելին, սպասարկման ավտոմատացումը տվյալների բազան առավելագույնս անկախ է դարձնում այն օպերատորից, ով մուտքագրել է տեղեկատվությունը: Հետեւաբար, տվյալ աշխատակցի բացակայության դեպքում նրան փոխարինողը հեշտությամբ եւ բավականին արդյունավետ կկարողանա շարունակել աշխատանքն այն հաճախորդային բազայի հետ, որը մուտքագրել էր նախորդ աշխատակիցը:

Բորիս Աղաջանյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Վերադառնալ Դիտումների քանակը՝ (2430)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Itel.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք