12:18 | 16.04.12 | Նորություններ | 3902

Հայաստանի առաջին վենչուրային հիմնադրամը սկսնակ ՏՏ-ընկերություններին կտրամադրի մինչեւ $0,5 մլն

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ստեղծվելիք վենչուրային հիմնադրամը կֆինանսավորի սկսնակ ընկերությունների կապիտալը` $200-500 հազարի չափով, ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ապրիլի 14-ին Դիլիջանում ՏՀՏ-ընկերությունների լիդերների ֆորումում ներկայացնելով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ստեղծվելիք վենչուրային հիմնադրամը, որի գործարկումը սպասվում է այս տարեվերջին, Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ հիմնադրամը գործելու է ֆինանսավորվող ընկերությունների կապիտալի մեջ մտնելու սկզբունքով:

«Սկսնակ ընկերությունների կապիտալի ֆինանսավորման փորձեր Հայաստանում արել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը եւ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը», - ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Նա տեղեկացրել է, որ հիմնադրամի գործունեությունը սպասարկելու համար կձեւավորվի նաեւ, այսպես կոչված, «բրոքերների ինստիտուտ», որը կզբաղվի ֆոնդի համար մեծ ներուժով նախագծերի հայթայթմամբ, ինչպես նաեւ դրամաշնորհների ինստիտուտ, որն ավելի փոքր չափի գումարներ կտրամադրի հեռանկարային նախագծերի հեղինակներին` նորարարական գաղափարների մրցույթների արդյունքում:

Վենչուրային հիմնադրամի ձեւավորման վրա ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի վարկային միջոցներից եւ մասնավոր հատվածը կուղղեն $3-ական մլն: Բագրատ Ենգիբարյանի փոխանցմամբ, հիմնադրամում մասնավոր ներդրումներ ներգրավելու համար բանակցություններ են վարվում հայկական եւ արտասահմանյան ընկերությունների հետ:

«Պետք է գիտակցել եւ պատրաստ լինել այն իրողությանը, որ 10 ֆինանսավորում ստացած նախագծերից 8-ը չեն հաջողվի եւ չեն բերի սպասված շահույթը», - ասել է ՁԻՀ ղեկավարը:

Ըստ նրա, ֆոնդի կառավարիչն, ամենայն հավանականությամբ լինելու է վենչուրային ֆինանսավորման մեջ մասնագիտացած արտասահմանյան մասնագետ, իսկ խորհուրդը կազմված կլինի միջազգային հեղինակություն վայելող հայազգի գործարարներից: