10:07 | 16.01.12 | Նորություններ | 3467

Դավիթ Յանի ընկերությունն ուզում է ներգրավել $10 մլն արտաքին շուկաներ դուրս գալու նպատակով

Երեւան/Մեդիամաքս/. Դավիթ Յանի Iiko ընկերությունը բանակցություններ է վարում մի շարք ներդրումային հիմնադրամների հետ եւ մտադիր է ներգրավել $10 մլն արտաքին շուկաներ դուրս գալու նպատակով:

Ինչպես այսօր գրում է ՌԲԿ daily-ն, սա կլինի ընկերության երկրորդ տրանշը, որն 2007-ին արդեն միջոցներ էր ներգրավել «Տրոյկա Դիալոգ» ընկերությունից:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Ավրամովն ասել է, որ միջոցներն անհրաժեշտ են Ասիայի, Չինաստանի, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի` Բուլղարիայի, Չեխիայի, Լեհաստանի շուկաներ դուրս գալու նպատակով:

Iiko ընկերությունը զբաղվում է ռեստորանների եւ հյուրանոցների, ինչպես նաեւ բենզալցակայանների բիզնեսի ավտոմատացման համակարգերի մշակմամբ: Iiko-ն ստեղծել է CRM-համակարգը, որը հնարավորություն է տալիս հետեւել վաճառքի գործընթացին եւ անվտանգությանը, ինչպես նաեւ դիտել ամբողջ լոգիստիկան online-ռեժիմում: iiko.NET ցանցը, որի զարգացման վրա ընկերությունն առաջիկայում պատրաստվում է կենտրոնացնել իր ուշադրությունը, իրենից ներկայացնում է սոցիալական ցանցում ներդրված համակարգ, որտեղ գնորդները կարող են կուտակել եւ փոխանցել ռեստորանային զեղչեր, ինչպես նաեւ վիրտուալ փողերով վճարումներ կատարել սրճարաններում եւ բենզալցակայաններում: Օրինակ` ռեստորան այցելած մարդը` ներկայացնելով սոցիալական ցանցում իր ID համարը, կարող է ոչ միայն զեղչեր ստանալ, այլեւ վերադարձնել ծախսված գումարի մի մասը` այդ հաստատությունը խորհուրդ տալով իր ընկերոջը եւ ստանալով ռեստորանում զեղչ ընկերոջ հաշվի մոտավորապես 5-10%-ի չափով: