16:37 | 16.12.11 | Նորություններ | 1108

Facebook-ի ֆինանսական ցուցանիշները հայտնվել են ԶԼՄ-ներում

Երեւան/Մեդիամաքս/. ԶԼՄ-ների ձեռքերում են հայտնվել Facebook-ի 2011թ. առաջին 9 ամիսների ֆինանսական հաշվետվության տվյալները: Ինչպես պարզվել է, ընկերության ակտիվները կազմում են $5,6 մլրդ, այդ թվում նաեւ $3,5 մլրդ կանխիկ: Բացի այդ, հայտնի է դարձել ընկերության բաժնետերերի մասին տեղեկատվությունը, այսօր հայտնել է Կոմերսանտը:

Ստացված տեղեկատվությունը խիստ գաղտնի է, քանի որ Facebook-ը մասնավոր ընկերություն է եւ երբեք պաշտոնապես չի ներկայացրել իր ֆինանսական հաշվետվությունը: Հայտնված ցուցանիշների համաձայն, 2011թ. հունվարից մինչեւ սեպտեմբեր Facebook-ի գործառնական շահույթը կազմել է $2,5 մլրդ: Նույն ժամանակահատվածում ընկերության ակտիվները գնահատվում են $5,6 մլրդ, որոնցից $3,5 մլրդ` կանխիկ: Facebook-ի զուտ շահույթը կազմել է $714 մլն:

Ամբողջ սոցիալական ցանցի արժեքը կազմել է $66,5 մլրդ: Գաղտնի ֆինանսական տվյանլերից բացի ԶԼՄ-ներին հայտնի են դարձել նաեւ Facebook-ի բաժնետերերի մասին տեղեկությունները: Ինչպես պարզվել է, ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ունի 24% մասնաբաժին: Facebook-ի աշխատակիցներին պատկանում է 30%: Յուրիյ Միլների ղեկավարած Digital Sky Technologies ներդրումային հիմնադրամի մասնաբաժինը կազմում է 10%: Facebook-ի բաժնետերերի ցանկում նշվում են նաեւ Goldman Sachs-ը (8%), Microsoft-ը (1,3%), Accel Partners վենչուրային ընկերությունը (8%) եւ այլն: 

Հարկ է նշել, որ Facebook-ի կողմից պաշտոնական ֆինանսական հաշվետվությունը կներկայացվի ընկերության  IPO-ից առաջ՝ 2012թ. ապրիլի 30-ից ոչ ուշ: Կանխատեսվում է, որ Facebook-ի ակցիաների տեղաբաշխումը կլինի խոշորագույնը 2004 թ-ից հետո եւ ծավալներով կգերազանցի Google կորպորացիայի IPO-ն: Ներդրողների կանխատեսումների համաձայն, Facebook-ը կարող է գնահատվել $100 մլրդ եւ մտադիր է ներգրավել  $10 մլրդ: