11:18 | 01.12.11 | Նորություններ | 2743

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը ՀՀ նախագահ դառնալու հավակնություններ չունի

Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը հերքել է հրապարակումներն այն մասին, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մտադիր է մասնակցել 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում:

Ներկայացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրությունը.

«Ս.թ. նոյեմբերի 29-ին «CNews» լրատվամիջոցը հրապարակել է «ՄՏՍ ընկերությունը Հայաստանի պոտենցիալ նախագահին վարկավորել է 90 միլիոն ամերիկյան դոլար գումարով» վերնագրով հոդված, որով տարածվել է կեղծ տեղեկատվություն` հղում կատարելով «շուկայի մասնակիցներին» և «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրին»:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, իբրև թե «Ղ-Տելեկոմ» Ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ ունի, և այդ նպատակով «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությունը (ՄՏՍ) նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ, հոդվածում նշվում է, թե իբր Ընկերության կողմից բարեգործական գործունեության իրականացման համար օգտագործվող միջոցների աղբյուր կարող են հանդիսանալ Լիբանանի հայկական համայնքի կողմից հավաքված միջոցները:

Կարելի է միայն ենթադրել, թե ովքեր են կեղծ տեղեկատվությունը տարածող «շուկայի մասնակիցները» և «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրը», և թե հատկապես ինչ նպատակներ են նրանք հետապնդում: Ենթադրյալ մրցակիցների նմանատիպ գործողություններն անպարկեշտ են, անազնիվ և միանգամայն անընդունելի:

Անգամ առանց վերոհիշյալ տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու` հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Նախագահի թեկնածու կարող է լինել վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիություն ունեցող, հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող ֆիզիկական անձը: Ռալֆ Յիրիկյանը ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն, ինչի համար նա հստակ հայտարարել է բազմիցս, այլև չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից և ոչ մեկին:

Ինչ վերաբերում է Ընկերության սոցիալական գործունեությանը, ապա այն իրականացվում է բացառապես Ընկերության միջոցների հաշվին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հաստատված ծրագրի շրջանակներում:

Ընկերությունը հպարտ է Հայաստանում գործարար մտածելակերպի նոր մշակույթի ներդրման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խոշոր ծրագրերի իրականացման առաջամարտիկը լինելու համար: Ցավալի է, որ նման նախաձեռնությունները կարող են դառնալ էժանագին և անհարիր շահարկումների առարկա»: