14:20 | 14.09.10 | Նորություններ | 4086

«Մենք այստեղ կառուցում ենք երկարաժամկետ ռազմավարություն»

«Orange/Ֆրանս Տելեկոմ Խմբի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով փոխնախագահ Մարկ Ֆոսիեի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Itel.am պորտալին

- Ո՞րն է Հայաստան Ձեր այցի նպատակը` Orange Armenia-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության /ԿՍՊ/ քաղաքականության գնահատու՞մը, թե՞ դրա նոր ուղղությունների մշակումը:

- Իմ այցի հիմնական նպատակն է ավելի շատ բան իմանալ Հայաստանի եւ Orange Armenia-ի գործունեության մասին, մասնավորապես, ԿՍՊ բնագավառում: Իմ նպատակն է` բացահայտել այն ուղղությունները, որտեղ ընկերությունը Խմբի օգնության կարիքն ունի, ծանոթանալ նրա փորձին:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում «Orange/Ֆրանս Տելեկոմ Խմբի» ԿՍՊ-ն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող շուկաներում: Ընկերության եկամուտների ո՞ր մասն է ուղղվում ԿՍՊ-ին:

- «Բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» արտահայտությունը բավականին բարդ է թվում, սակայն դրա էությունը պարզ է: ԿՍՊ-ն ընկերության վարքն է, այն, թե ինչպես է ընկերությունը բիզնես գործունեությունն իրականացնում, ինչպես է եկամուտներ ստանում: Մենք մեր հիմնական բիզնես գործունեությունն իրականացնելիս պետք է պատասխանատու գտնվենք, որպեսզի ապահովենք կայուն զարգացում: Այն ընկերությունը, որը չի լսում եւ չի պատասխանում հաճախորդների ու բաժնետերերի ակնկալիքներին, չի կարող կայուն զարգացում ապահովել:

ԿՍՊ-ն անհրաժեշտ է տարբերել բարեգործությունից. պատասխանատու լինել` չի նշանակում ֆինանսավորել այն ուղղությունները, որոնք կապված չեն բիզնեսի հետ. դրանք ընկերության բարեգործական ծրագրերն են: Պատասխանատու վարք ասելով` մենք հասկանում ենք լսել հաճախորդի պահանջներն ու ակնկալիքները, հասարակության պահանջը, աշխատակիցների, բաժնետերերի ցանկությունները եւ պատասխան տալ այդ ակնկալիքներին: 

Հետեւաբար, շատ դժվար է հաշվարկել, թե ընկերության եկամուտների որ մասն է ուղղվում ԿՍՊ-ին: Պատասխանատվությունը մեր ռազմավարության առանցքն է: Մենք ձգտում ենք լինել աշխարհի լավագույն հեռահաղորդակցային ընկերությունն այդ ոլորտում, եւ իմ գործառույթն է ԿՍՊ-ն պահել մեր որոշումների կենտրոնում:

- Այնուամենայնիվ, Հայաստանում ԿՍՊ-ն հաճախ ասոցիացվում է բարեգործության հետ: Չի՞ նշանակում դա արդյոք, որ մեր դեպքում այդ երկու հասկացությունների միջեւ սահմանները մի փոքր աղավաղված են:

- Այո, եւ Հայաստանն այստեղ բացառություն չէ: Մեր ներկայության երկրների մեծ մասում մենք իրականացնում ենք բարեգործական ծրագրեր: Սակայն մեր հիմնական առաքելությունն է` լինելով հեռահաղորդակցային օպերատոր, անել այն, ինչ պահանջում են մեր բաժնետերերն ու հաճախորդները:

- Չի՞ բարդանում արդյոք Orange Armenia-ի ԿՍՊ քաղաքականությունն այն հանգամանքով, որ այն Հայաստանում հանրային ընկերություն չէ:

- Չնայած Orange Armenia-ն տեղական բորսայում չի գնանշվում, այնուամենայնիվ, հաշվետու է մայր ընկերությանը, որն իր հերթին հաշվետու է ֆոնդային շուկաներին: Եվ իմ գործառույթներից մեկն է հանդիպել ներդրողներին ու ԿՍՊ գծով վերլուծաբաններին եւ նրանց տեղեկացնել ներկայության բոլոր շուկաներում` այդ թվում նաեւ Հայաստանում մեր կատարած աշխատանքի մասին:

ԿՍՊ էությունն է` լսել ակնկալիքներն ու պահանջները եւ փորձել բավարարել դրանք: Երկրի տնտեսական ու սոցիալական զարգացումն առաջ է մղվում տեխնոլոգիաներով եւ տեղեկատվության հասանելիությամբ: Հենց այդ պատճառով Հայաստանում Orange-ն ուժերն ու ուշադրությունը կենտրոնացրել է ինտերնետի մատչելիության բարձրացման վրա` օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները եւ փորձելով ապահովել լավագույն ծածկույթ: Այս առումով ես բարձր եմ գնահատում Orange Armenia-ի ձեռքբերումները, քանի որ ընկերությունն արդեն իսկ ապահովում է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ի համար: Ավելին, բազմաթիվ հեռավոր վայրերում գերարագ ինտերնետի միակ հնարավորությունն Orange-ն է առաջարկում, եւ սա իսկապես պատասխանատու կեցվածք է այդ բնակավայրերի բնակիչների նկատմամբ, հատկապես եթե նկատի ունենանք, որ այդ վայրերը սովորաբար ոչ այնքան եկամտաբեր են լինում օպերատորի համար: Սա պարզագույն օրինակ է, թե ինչ է նշանակում պատասխանատվություն` պահանջմունքի հայտնաբերում եւ դրա բավարարում:

- Ի՞նչ է Ձեզ հաջողվել պարզել Հայաստանում գտնվելու ընթացքում: Ինչպե՞ս եք գնահատում Orange Armenia-ի ԿՍՊ քաղաքականությունը: Համեմատեք, խնդրեմ, Orange Armenia-ի ԿՍՊ-ն “Ֆրանս Տելեկոմ Խմբի” ներկայության այլ շուկաների հետ:

- Անկեղծ ասած, ես տպավորված եմ երիտասարդ ընկերության եւ նրա երիտասարդ թիմի նվաճումներով: Նրանք մեկնարկել են շատ մեծ արագությամբ եւ արդեն տպավորիչ հաջողությունների են հասել ԿՍՊ ոլորտում:

Orange Armenia-ի տեխնիկական խումբը նախագծել է բազային կայանների նոր մոդել, որը թույլ է տալիս տնտեսել կառուցման ժամանակն ու էներգառեսուրսները: Այդ տեխնոլոգիան կներդրվի նաեւ մեր ներկայության մյուս երկրներում:

Ընկերությունն ուշադրություն է դարձնում հաշմանդամների ու ծերերի խնդիրներին` նրանց առաջարկելով հատուկ սարքավորումներ:

Ես տպավորված եմ նաեւ ընկերության մարքեթինգային քաղաքականությամբ. հեռահաղորդակցային շուկայի որոշ մասնակիցներ հաճախ առաջարկում են շատ բարդ եւ խրթին պայմաններ, մինչդեռ մենք, ընդհակառակը, գնահատում ենք բաժանորդներին արված ուղիղ եւ պարզ առաջարկները: Միեւնույն ժամանակ, մեր որեւէ առեւտրային առաջարկ չունի հավելյալ թաքնված ծախսեր. բաժանորդին պայմանները ներկայացվում են թափանցիկ կերպով, առանց խճճված պայմանների:

Ինչ վերաբերում է ներկայության երկրներում ԿՍՊ քաղաքականությունների համեմատությանը, ասեմ, որ այստեղ եւս մենք ունենք պարզ առաջնահերթություններ, որոնք ենթարկվում են շտկումների` կախված կոնկրետ շուկայից:

Մեր առաջին առաջնահերթությունն է` ապահովել հնարավորինս մեծ թվով մարդկանց հասանելիությունը թվային աշխարհին: Աֆրիկայում դա նշանակում է հնարավորինս մեծ թվով մարդկանց ապահովել հեռախոսակապով, Հայաստանում` ինտերնետով, Արեւմտյան Եվրոպայում մենք աշխատում ենք նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

Մեր երկրորդ առաջնահերթությունն է` ապահովել մեր ծառայությունների վստահ եւ պատասխանատու սպառումը. մենք օգնում ենք սովորել, թե ինչպես օգտվել թվային տեխնոլոգիաներից: Հեռահաղորդակցությունը պարունակում է նաեւ որոշակի ռիսկեր. խոսքը անձնական տեղեկատվության պահպանման, երեխաներին ցանցում վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու եւ այլնի մասին է:

Մեր երրորդ առաջնահերթությունը շրջակա միջավայրի պաշտպանությունն է: Այստեղ որպես օրինակ կարող եմ բերել մեր առաջարկած հեռահար բիզնես-կոնֆերանսների ծառայությունները, որոնք գործարարներին թույլ են տալիս զգալիորեն կրճատել գործնական հանդիպումների մեկնելու հաճախականությունը: Մենք մտադիր ենք առաջ մղել բիզնես-կոնֆերանսների ծառայությունները նաեւ հայաստանյան շուկայում:

- Գործող եւ հավանական աշխատակիցների համար կրթական ծրագրերը ԿՍՊ բաղադրիչներից են: Ի՞նչ ծրագրեր ունի Orange Armenia-ն այդ ոլորտում:

- Orange Armenia-ում կան աշխատակիցներ, ովքեր մեզ հետ են արդեն 1.5 տարի, եւ ընկերությունը հոգ է տանում նրանց մասնագիտական կարիերայի մասին, անցկացնում է թրեյնինգներ: Իհարկե, մենք ուսումնական ծրագրեր ենք կազմակերպելու նաեւ ուսանողության համար, ինչպես դա անում ենք այլ շուկաներում:

Շատ կարեւոր է հիշել եւ գիտակցել, որ Orange-ն երկար ժամանակով է եկել Հայաստան: Մենք այստեղ կառուցում ենք երկարաժամկետ ռազմավարություն, որը շատ պարզ է. եթե ընկերության գործունեությունը նպաստում է երկրի զարգացմանը, նրա կրթական ու մշակութային համակարգին, եթե օպերատոր-բաժանորդ հարաբերությունները խարսխված են վստահության եւ պատասխանատվության վրա, ապա բիզնեսի համար բացվում է աճի երկարաժամկետ հեռանկար: