10:57 | 07.07.09 | Նորություններ | 2798

Սեպտեմբերին կորոշվեն Vivacell-MTS-ի, Beeline-ի եւ Orange-ի միջեւ փոխկապակցման սակագները

Երեւան /Մեդիամաքս/. Երեք բջջային օպերատորներ` Vivacell-MTS-ը, Beeline-ը եւ Orange Armenia-ն, դիմել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին  /ՀԾԿՀ/ փոխկապակցման սակագները սահմանելու խնդրանքով:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը:

Նա նշել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում ընկերությունների եւ ՀԾԿՀ մասնագետների մասնակցությամբ, եւ սեպտեմբերի առաջին տասնօրյակում հանձնաժողովն որոշում կկայացնի փոխկապակցման նոր սակագների մասին: Սամվել Արաբաջյանը վստահություն է հայտնել, որ նոր սակագները բաժանորդներին թույլ կտան կապից օգտվել ավելի մատչելի եւ ցածր գներով:

«Ողջունելի է, որ ընկերությունները գիտակցում են, որ փոխկապակցման գործող սակագների սահմանումից հետո շուկան ընդլայնվել է, եւ այնտեղ իրավիճակը փոխվել է», - ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՀԾԿՀ անդամը:

Սամվել Արաբաջյանը նշել է նաեւ, որ հաշվի առնելով ֆիքսված կապի նոր օպերատորների սպասվող մուտքը շուկա` ՀԾԿՀ-ն մանրամասն աշխատանք է տանում նաեւ fix to fix, fix to mobile, mobile to fix ուղղություններով փոխկապակցման սակագների սահմանման վերաբերյալ:

Նա հայտնել է, որ 2009թ. սկզբին ՀԾԿՀ-ն ժամկետ էր սահմանել օպերատորների միջեւ բանակցությունների համար, որոնք փորձում էին փոխկապակցման միասնական հայտ ներկայացնել, սակայն ընկերություններին չհաջողվեց  պայմանավորվածություն ձեռք բերել: